Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ Հանգամանալից քննարկում է ծավալվել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ հատկապես մթնոլորտային մոնիթորինգի, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայի դիմակայունության բարձրացման և նորարարական բնապահպանական տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։
Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Տաջիկստանի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի ենթակայությամբ գործող Ներդրումային ծրագրերի իրականացման կենտրոնի միջև համագործակցությանը։ Ընդգծվել է պետական հիմնարկի՝ որպես Հարմարվողականության հիմնադրամին հավատարմագրված ուղիղ հասանելիություն ունեցող կառույցի, աջակցությունը՝ Կենտրոնի հավատարմագրման գործընթացում։
Պարոն Շերալիզոդան բարձր է գնահատել ընթացիկ համագործակցությունը՝ նշելով դրա շարունակականության և խորացման կարևորությունը։ Նա հույս է հայտնել, որ արդեն 2025 թվականի ավարտին հնարավոր կլինի արձանագրել համագործակցության այս ուղղության հիմնական արդյունքը՝ Կենտրոնի հավատարմագրումը Հարմարվողականության հիմնադրամին։
Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը և առաջարկել է ակտիվացնել փոխգործակցությունը՝ համատեղ ծրագրերի մշակման, տվյալների փոխանակման և փորձի փոխանակման ուղղությամբ, հատկապես հավատարմագրման գործընթացի հաջող ավարտից հետո։
Հանդիպման ավարտին Արա Մկրտչյանը պարոն Շերալիզոդային պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում։ Ընդգծվել է համաժողովի նշանակությունը՝ որպես հարթակ, որն ուղղված է գլոբալ համագործակցության խթանմանը կլիմայի փոփոխության, սառցադաշտերի պահպանության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված խնդիրների լուծման հարցում։
