ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2023
Հայաստանում մեկնարկել է Թայեքս փորձագիտական առաքելության՝ նյութերի և խառնուրդների դասակարգման, պիտակավորման և փաթեթավորման թեմատիկ միջոցառումը

Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկել է Թայեքս փորձագիտական առաքելության՝ նյութերի և խառնուրդների դասակարգման, պիտակավորման և փաթեթավորման թեմատիկ միջոցառումը (CLP)։
Եռօրյա միջոցառման մասնակիցներ են ԵՄ անդամ երկրների փորձագետներ, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Փափախչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին՝ նյութերի և խառնուրդների դասակարգման, պիտակավորման և փաթեթավորման ընթացակարգերի վերաբերյալ հայաստանյան օրենսդրության հետագա զարգացման նպատակով իրենց աջակցությունն ու փորձը փոխանցելու պատրաստակամության համար և վստահություն հայտնել, որ առաքելությունը կնպաստի մեր երկրում համապատասխան կարողությունների զարգացմանը և ոլորտային բարեփոխումներին։
Միջոցառման անցկացումը բխում է ՀՀ-ի ստանձնած պարտավորություններից, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով, որի իրականացումն ապահովելու հանձնառություն է ստանձնել ՀՀ-ն։
Առաքելությունը շարունակությունն է 2022-ի մայիս ամսին մեկնարկած  գործողությունների։