Շրջակա միկջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որի համաձայն՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով ջրամատակարարումն ապահովելու համար եւ երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն: Կարգավորումը վերաբերելու է միայն մինչեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի դեկտեմբերի 2-ի օրենքի ուժի մեջ մտնելն արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային եւ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերին:
Նախաձեռնության ընդունման հրատապությունը պայմանավորված է Գառնի համայնքի 670 հա ոռոգման տարածքների եւ 1400 բաժանորդների համար ջրի խնդրի լուծմամբ:
«1972 թվականին սովետական կարգերի ժամանակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառուցվել է ջրային համակարգ, որից Գառնի համայնքը ստացել է ոռոգման ջուրը,-ընդգծել է նախարար Սիմիդյանը և հավելել,- վարչարարության խստացման հետեւանքով, այն է՝ բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց ջրաչափեր ունենան, այդ թվում՝ ՋՕ-երը, որոշ դեպքերում վերջիններս սկսել են խնդիրներ ունենալ»:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկվում է մինչեւ 1992 թվականի հունվարի 4-ը, որը համընկնում է 1991 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթվի հետ հետ, կառուցված ջրային համակարգերով տրամադրել խմելու կամ ոռոգման նպատակով ջրի օգտագործման թույլտվությունները, եթե ջրի այլ աղբյուր տվյալ տարածքում առկա չէ:
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
ԱԺ որոշմամբ օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
