ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.06.2021
Տեղի է ունեցել «Սնդիկ պարունակող ապրանքների վերաբերյալ իրազեկության բարձրացում և տվյալների վավերացում» թեմայով աշխատաժողով

Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
Միջոցառմանը մասնակցում էին Գիտություննների ազգային ակադեմիայի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Մազմանյանը, կարևորելով մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունը սնդիկի անթրոպոգեն ազդեցությունից։
2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, որի նպատակն է մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից։ Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ պարտավոր է միջոցներ ձեռնարկել սնդիկի, սնդիկի հավելիչներով արտադրանքի 2020 թվականից հետո փուլային դուրսբերման և սնդիկի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման և սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար:
«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող տիկին Ալեքսանդրյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել ռազմավարություն սնդիկ պարունակող արտադրանքի արդյունավետ հավաքման, պահման, փոխադրման և վերամշակման համար։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Ազիզյանը կարևորեց սնդիկի մոնիտորինգը շրջակա միջավայրիում, քանի որ կենսոլորտի աղտոտումը սնդիկով և սնդիկի միացություններով պայմանավորված է դրանց համեմատաբար բարձր ցնդելիությամբ, արտաքին միջավայրում կայունությամբ, մթնոլորտային տեղումներում լուծելիությամբ, ինչպես նաև հողում և կանաչ տնկարկներում կուտակվելու ունակությամբ։
Սնդիկի հավելիչներով լամպերի շրջանառությունից փուլային դուրսբերման նպատակով որոշվել է այդ ապրանքների հոսքերը, ներառյալ ներմուծումը, բաշխումը, օգտագործումը և տարեկան առաջացող թափոնների ծավալները։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ 9 մարզի 13 քաղաքի կենցաղային լամպերի վաճառասրահներում իրականացված հետազոտության արդյունքները: Նա նշեց, որ լամպերի մասնագիտացված խանութներում և շինանյութի խանութ-սրահներում առկա են եղել հիմնականում 3 տեսակի լամպեր՝ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր, սնդիկ չպարունակող շիկացման լամպեր և նորագույն տեխնոլոգիայով արտադրված լուսադիոդային (ԼԱԴ) լամպեր:
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեց միևնույն լուսավորությունն ապահովող տարբեր տեսակի լամպերի առավելությունները՝ նշելով, որ շիկացման լամպերն ավելի շատ տաքանում են, քան լույս արձակում, մինչդեռ լյումինեսցենտային լամպերը մոտ 3,3 անգամ ավելի քիչ էներգիա են ծախսում՝ ապահովելով նույն լուսատվությունը, սակայն վտանգավոր են, քանզի կոտրվելու կամ ոչ ճիշտ վարվելու դեպքում դրանք կարող են արտազատել սնդիկ և առաջ բերել առողջական խնդիրներ։ Նա ընդգծեց նաև, որ ԼԱԴ՝ լուսադիոդային լամպերը,  շիկացման լամպերի համեմատ ծախսում են 6,6 անգամ ավելի քիչ էներգիա և անվտանգ են, քանի որ սնդիկ չեն պարունակում: