Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ ուսումնասիրեց յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվեցին ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։
Հանձնաժողովը դիտարկեց դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ Դրանք էին՝
- համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
- առաջարկվող բարձր վճարի չափը,
- օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
- ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
- նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
- սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
- ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Հաղթող է ճանաչվել միայն մեկ հանրային լողափի` N4, համար ներկայացված ներդրումային ծրագիրը: Լողափը գտնվում է Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության լարեր և գազամատակարարման խողովակներ:
N7 հանրային լողափի համար հայտ չի ներկայացվել, N8 հանրային լողափի համար ներկայացված ծրագիրը չի բավարարել ներկայացված պահանջներին, և հաղթող չի ճանաչվել:
Հաղթող մասնակցի հետ կկնքվեն պայմանագրեր։
Շնորհավորելով հաղթող ներդրումային ծրագրերի հեղինակին՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ կարևորեց հանրային շահի գերակայությունը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում արդեն նկատելի կլինեն ծրագրերում նշված քայլերի իրականացման արդյունքները։ Դրանք ամբողջությամբ պետք է լինեն հանրային լողափի գաղափարի համատեքստում և լիարժեք ծառայեն քաղաքացիների համար պատշաճ ջրային հանգստի կազմակերպման գաղափարին:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ խստիվ վերահսկվելու են հանրային լողափերին առաջադրված պահանջների պահպանումը: