Այսօր տեղի ունեցավ «Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր խոսքը սկսեց զորակցություն հայտնելով վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին և տուժածներին։ Պարոն Սոկուլսկին նաև շեշտեց ՄԱԶԾ պատրաստակամությունը հնարավորության շրջանակներում աջակցելու ՀՀ կառավարությանը՝ ջրհեղեղի վնասի գնահատման հարցում։ Նա խոսեց այս գնահատման կարևորության և որոշումների կայացման գործում կիրառելիության տեսանկյունից, ինչպես նաև ընդգծեց EU4Sevan ծրագրի միջոցով բարենպաստ միջավայրի ստեղծումը՝ արդյունավետ պլանավորման և արձագանքման միջոցառումների իրականացման համար, որոնք կարևոր նշանակություն ունեն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության գնահատման հիմքում ընկած քանակական և որակական մոդելավորման արդյունքները, ինչպես նաև ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի, տուրիզմի, շրջակա միջավայրի, ներառյալ ջրի որակի ու այլ համապատասխան ոլորտների վրա ջրի մակարդակի բարձրացման ազդեցության վերաբրյալ հիմնական եզրակացությունները և դրանց հիման վրա մշակված ճանապարհային քարտեզը։
Կարևորվեց այն փաստը, որ կատարված աշխատանքը հիմք է հանդիսանալու գիտահեն որոշումների կայացման համար՝ արդյունավետ կերպով պլանավորելու և իրականացնելու լճի ջրի մակարդակի բարձրացման և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը միտված աշխատանքները։
«Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» գործընթացը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվել է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (Հայաստան), ՋԻՆՋ ՍՊԸ-ի (Հայաստան) և SWECO-ի (Չեխիա) կոնսորցիումի կողմից՝ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և այլ շահակիրների հետ սերտ համագործակցությամբ։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: