ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2023
Ներկայացվել են «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքները

​Այսօր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում տեղի ունեցավ «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ` «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը՝ նպաստելով Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ու էկոհամակարգի վերականգնմանը։ Ծրագիրն իր 2 փուլերի ընթացքում ընդգրկել է Գեղարքունիքի մարզի 54 բնակավայրերից դպրոցներ և երիտասարդներ, որոնց հետ համատեղ իրականացվել են իրազեկման տարբեր միջոցառումներ:
Առաջին փուլի ընթացքում ծրագիրն աշխատել է ավելի քան 500 աշակերտի հետ, որոնցից ընտրվել են ծրագրի ամենաակտիվ մասնակիցները և շարունակել աշխատել մասնագետների հետ՝ ձևավորելով խմբեր և մշակելով լճի պահպանությանն ուղղված իրենց նախագծային գաղափարները: 
Արդյունքում՝ 2022 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած միջոցառման ժամանակ ընտրվել էր 5 հաղթող նախագծային խումբ՝ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար։
25 աշակերտից և ուսուցչից բաղկացած խմբերը շարունակել են իրենց մասնակցությունը ծրագրում, նախագծերի մշակման և կառավարման վերաբերյալ դասընթացներին՝ ստանալով մասնագիտական աջակցություն ոլորտի փորձագետներից, ձեռք բերելով համապատասխան կարողություններ և գիտելիքներ իրականացնելու իրենց նախագծերը: 
Միևնույն ժամանակ «Սևանի ընկերներ» ծրագրի թիմը շարունակել է իրազեկման աշխատանքներ իրականացնել՝ ներգրավելով նոր դպրոցներ և երեխաներ: 
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը: Միջոցառման հյուրերը հանդես են եկել ելույթներով և կարևորել էկոլոգիական կրթության դերը և երիտասարդների ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում: 
«Բնապահպանական կրթությունը կարևոր դեր է խաղում՝ օգնելով մեզ զարգացնել կայուն մտածելակերպ: Այն օգնում է զարգացնել քննադատական մտածողությունը, վերլուծելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունը՝ հաշվի առնելով բնության վրա մեր վարքագծի հետևանքները: Նման կրթությունն օգնում է մեզ հասկանալ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման կարևորությունը ողջ մարդկության բարօրության համար: Բացի այդ, բնապահպանական կրթությունը խթանում է քաղաքացիական ներգրավվածությունը և պատասխանատվությունը»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ կատարված աշխատանքի համար: 
Միջոցառման ընթացքում հաղթող հինգ նախագծային խմբերը ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք ավելի են հղկվել ծրագրի երկրորդ փուլում՝ փորձագետների հետ բազմաթիվ դասընթացների և աշխատանքի շնորհիվ: Ծրագրերի ներկայացումներից հետո աշակերտները շրջել են «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում և ծանոթացել ջրի մոնիթորինգի գործընթացին:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի՝ որպես «ECOServe» ծրագրի մաս և ՄԱԶԾ կողմից: