ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2024
Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը

Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը, որի ընթացքում ‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին է հանձնվել Սևան ազգային պարկի կառավարման պլանը
«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, Սոլյուտոն ՍՊԸ-ի, DHP Conservation Ltd-ի (Չեխիա), NaravaNarave d.o.o-ի (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը.
«Շրջակա միջավայրի ոլորտում բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը և դրանց համապատասխանեցումը լավագույն միջազգային չափանիշներին, մեզ համար օրակարգային առաջնահերթություն է և այդ օրակարգին սպասարկելու համար մենք ունենք բավարար կամք և չենք խնայելու որևէ ջանք ու ռեսուրս»,-նշել է Աթանեսյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Սևան» ազգային պարկի կառավարման պլանավորման գործընթացն ու արդյունքները։
Միջոցառումն ամփոփվել է ‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի թանգարանում շրջայցով: