ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2024
Ամփոփվեցին Սևանա լճի հանրային 6 լողափերում մրցույթին ներկայացված հայտերը

Ամփոփվեցին Սևանա լճի հանրային 6 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը:
Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննեց յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվեցին ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։
Հանձնաժողովը դիտարկեց դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։
Դրանք էին՝ 
-համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
-առաջարկվող բարձր վճարի չափը,
-օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
-ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
-նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
-սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
-ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Հաղթող ճանաչվեց Համար 1 և 3  հանրային լողափերի համար ներկայացված ծրագիրը։  Լողափերը գործում են 2012 թվականից, մեծ պահանջարկ ունեն հանգստացողների շրջանում, բարեկարգված և մասնակիորեն կահավորված են, ունեն ավազային ափ, իսկ ջրի խորությունը աստիճանական է։ 
Գտնվելու վայրը՝ Սևան քաղաքին հարակից ափամերձ հատված, (0.94605 հա գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր)։