ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.11.2023
Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն:
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է է արժանացրել  Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի ընդունման և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսված են օրենսդրական բարեփոխմամբ։
Ներկայիս Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ անտառների պահպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը: Միևնույն ժամանակ, անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: 
Շուրջօրյա հսկողություն իրականացնող Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծման անհրաժեշտությունն ամրագրված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հավելվածում՝ «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 3-րդ նպատակի 7-րդ` «Անտառային կոմիտեում անտառների պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացում» միջոցառմամբ։
Վերլուծության արդյունքներով նպատակահարմար է համարվել, որ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողություն հնարավոր չէ ներկայիս պահպանություն իրականացնող աշխատակիցների սակավ թվակազմով և աշխատաժամով (8 ժամ), քանի որ ծառայողների խնդիրը ոչ միայն oրենuդրությամբ սահմանված իրավասության սահմաններում անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման, այլև կանխման, կանխարգելման ապահովումն է, որը հնարավոր է միայն շուրջօրյա հերթապահության պարագայում՝ 24/7։
Այժմ ծառայութունը կարգավորելու է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների նկատմամբ հսկողության իրականացումը։
Նախագծով առաջարկվող հիմնական փոփոխություններն են՝
-Անտառային կոմիտեն անվանափոխվում է Շրջակա միջավայրի պահպանության ծառայության,
-տարանջատվում է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները,
-ծառայողին իրավունք է վերապահվում ծառայության ընթացքում արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախտման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավա-խախատման դեպքերով՝ համապատասխան լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնել՝ անձանց քրեական պատաս-խանատվության ենթարկելու վերաբերյալ,
-ծառայողին իրավունք է վերապահվում վարչական իրավախախտման դեպքերով պատասխանատվության մասին որոշում կայացնելու,
-ծառայությունն իրականացնելու է նաև կանխման և կանխարգելման աշխատանքներ։
Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1176 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։