ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.07.2024
Ասենք «Ո՛չ» մեկանգամյա օգտագործման պլաստիկին․ այսօր աշխարհը նշում է «Առանց պլաստիկ տոպրակների» օրը

Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը լավ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։
Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ 
Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր: 
Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը կրճատելու և կանխելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետություն մշակվել են օրենսդրական կարգավորումներ։
Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։ 
Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող պետք է ամենայն պատասխանատվությամբ հարգի և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված  սահմանափակումները՝ հանուն մեր մաքուր շրջակա միջավայր ունենալու միասնական նպատակի։