ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.01.2026
Առաջարկվում է արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի և տարաների առկայությունը կամ օտարումը

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում առաջին  ընթերցմամբ քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ 
Նախագիծն հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Նախագծերի փաթեթով՝ 
2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս նախատեսվում է արգելել՝ 
պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ)  օտարումը կամ առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար,
առաջարկվում է նշված արգելքը առաջին անգամ խախտելու դեպքում որպես պատասխանատվության միջոց կիրառել նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ 100.000-150.000 դրամ տուգանք։

  • վարչական իրավախախտումների վերահսկողությունը նախատեսվում է վերապահել ՏԻՄ-երին և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին համատեղ,
  • նախատեսվում է ամրագրել «դիտարկման» ձևով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումները։

Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր քայլ է, որով COP 17-ի նախաշեմին Հայաստանը կներկայանա որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն։