ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2023
Ընթանում է պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 3-րդ նիստը

Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 3-րդ նիստը։
Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի /ՄԲԿ/ 3-րդ նիստին /նոյեմբերի 13-ից 19-ը/։
Հանդիպման հիմնական նպատակն է ապահովել 2022 թ. մարտին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի կողմից ընդունված՝ «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք» 5/14 բանաձևի իրագործման գործընթացը՝ պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագծի քննարկման և լրամշկման միջոցով։ 
Նիստի ընթացքում քննարկված հիմնական թեմաներն են՝
-պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագծի հնարավոր նպատակների և կարգավորման շրջանակի ուրվագծումը (այդ թվում՝ պլաստիկ աղտոտման նվազեցում, մարդու առողջության և շրջակա միջավայրը պլաստիկ աղտոտման անբարենպաստ հետևանքներից պաշտպանություն՝ պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլի ընթացքում), 
-հիմնական պարտավորությունների տարբերակների քննարկում,
-ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրման մեխանիզմների ուրվագծում, 
-հետազոտությունների և վերլուծությունների իրականացում և այլն։
Հայկական պատվիրակությունը մասնակցել է նիստի օրակարգով նախատեսված քննարկումներին, մասնավորապես պատվիրակության կողմից կարևորվել և արտահայտվել են հետևյալ տեսակետները.
-Գործընթացի շրջանակներում մշակված պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագիծը հանդիսանում է արդյունավետ բանակցություններ իրականացնելու մեկնարկային կետ,
-Ապագա համաձայնագիրը/ԱՀ/ պետք է կանոնակարգի պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլը և պլաստիկ թափոնների կայուն կառավարումը,
-Անցումային տնտեսությամբ երկրները պետք է ունենան ԱՀ իրականացման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների փոխանցման համար ֆինանսական միջոցների հասանելություն,
-Կարևորվել է շրջակա միավայրի բոլոր բաղադրիչներում /ջուր, հող, կենսաբազմազանություն, օդ, էկոհամակարգեր/ գիտական և տեխնիկական նորարարությունների իրականացումը՝ ուղղված պլաստիկ աղտոտման կանխարգելմանը և նվազեցմանը, 
-ԱՀ նպատակների իրականացման համար նախընտրելի է նպատակային նոր բազմակողմ հիմնադրամի ստեղծումը, 
-Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգի դիտարկումը որպես ԱՀ իրագործման հիմնական գործիք։ 
Որպես հանդիպման հիմնական արդյունք ակնկալվում է պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախնական տարբերակի մշակումը և հետագա աշխատանքների ուրվագծումը՝ 2024 թվականի ապրիլին կայանալիք ՄԲԿ 4-րդ նիստին ընդառաջ։