Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:
Զրուցակիցները քննարկել են ոլորտային հարցերի լայն շրջանակ։
Անդրադարձ է կատարվել Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» երկամյա Twinning ծրագրին, որը համատեղ իրականացվել է Չեխիայի և Ֆինլանդիայի Հանրապետությունների կողմից։
Նախարար Մաթևոսյանը նշել է, որ ծրագիրը կարևոր ներդրում է Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգի կատարելագործման գործում՝ հատկապես կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման ոլորտներում։ Նա ընդգծել է, որ Twinning ծրագրի շրջանակում մշակված նոր օրենսդրական մոտեցումները և կառավարման մեխանիզմները կնպաստեն ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շարունակականության ապահովման և ապագա համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#CoP17) շրջանակում փոխգործակցությանն ու համատեղ նախաձեռնություններին։
Դեսպան Պիրունչիկը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները բնապահպանության ոլորտում՝ ընդգծելով, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի բնապահպանական բարեփոխումներին՝ հատկապես ԵՄ չափանիշների ներդրման և կայուն զարգացման սկզբունքների կիրառման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներգրավվածության մեխանիզմները՝ բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրականացման, հանրային իրազեկման և մասնակցային կառավարման համակարգի ամրապնդման նպատակով։
Համբարձում Մաթևոսյանը և Պետր Պիրունչիկը վստահություն են հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի Հայաստանի բնապահպանական ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը, միջազգային փորձի փոխանակմանը և համատեղ նախաձեռնությունների ընդլայնմանը՝ ի շահ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման նպատակների իրականացման։
