Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներին երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար պատվոգրեր հանձնվեցին
Շրջակա միջավայարի համաշխարհային օրվա առթիվ նախարար Հակոբ Սիմիդյանը պատվոգրեր է հանձնել նախարարության աշխատակիցներին՝ իր երախտագիտությունն հայտնելով գործընկերներին երկար տարիների բարեխիղճ աշխատանքի, նվիրումի և շրջակա միջավայրի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար։
«Հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք բոլորիս ևս մեկ անգամ շնորհավորել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ։ Սա մի փոքր առիթ է մեր երախտագիտությունն հայտնելու Շրջակա միջավայրի նախարարության կազմավորման և ձևավորման երկար ժամանակագրության մեջ իրենց ավանդն ունեցած մեր ավագ գործընկերներին։
Շնորհակալ ենք Ձեզ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրի բնությանը և դրա պահպանությանն ու զարգացմանը մատուցած Ձեր ծառայության համար։ Իմ խորին համոզմամբ, ամենապատվաբեր կարգավիճակն է լինել պետությանն ու հայրենիքին երկար տարիներ ծառայած աշխատակից։
Ես իմ խոսքում մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ ինձ համար մեծ պատիվ է միանալ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին, մարդկանց, ովքեր 25 և ավել տարիներ իրենց ամենօրյա ջանքով զարգացնում են շրջակա միջավայրի ոլորտը մեր երկրում։
Ինձ և իմ գործընկերներին միայն կարելի է մաղթել հայրենիքին երկար տարիներ ծառայելու Ձեր բախտն ունենալ։
Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ձեր փորձին ու գիտելիքին, կատարած աշխատանքին և անելու ենք հնարավորը, որ Ձեր ստեղծած արդյունքները միայն կրկնապատկենք ու զարգացնենք և Դուք հասկանաք, որ այն ամենն ինչ արել եք, ապարդյուն չի եղել, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Ձեր և մեր ապագա սերունդների բարեկեցության»,-նշել է նախարարը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է տարիների ընթացքում կուտակված տեղեկատվության և ինստիտուցիոնալ հիշողության սահուն փոխանցման հարցի կարևորությանը։
«Մեր միակ նպատակն է շիտակ աշխատանքով մեր ծառայությունը մատուցել հայրենիքին, և եթե այս ցանկությանը գումարվի սերունդների միջև փոխվստահությունը, ինստիտուցիոնալ հիշողության արդյունավետ իրացումն ու հարուստ փորձը, մենք կկարողանանք բարեփոխում ասվածը իրականություն դարձնել շրջակա միջավայրի ոլորտում։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարգավորում է այն ոլորտը, որտեղ ամեն բան պետք է առողջ լինի։ Միայն առողջ միջավայրում մենք կարող ենք զարգանալ, ստեղծագործել և արարել։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ, սիրելի գործընկերներ»,-իր ելույթն ամփոփել է նախարարը։
