2024 թվականի հուլիսի 27-28-ին Հանրապետության տարածքը գտնվել է Ազորյան անտիցիկլոնի կատարի հարավային ծայրամասերով անցնող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Ցուրտ մթնոլորտային ճակատը Կովկասյան լեռների ազդեցությամբ ներխուժել է և արևելքից, և արևմուտքից ինչով պայմանավորված՝ ողջ հանրապետությունում դիտվել է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ հորդառատ։
-Այսպես, Դիլիջանում հուլիսի 27-ին թափված տեղումների քանակը կազմել է 17.2 մմ, իսկ 28-ին՝ 36.8 մմ, ընդ որում 34.1 մմ-ը դիտվել է միայն հուլիսի 28-ի գիշերը։
Իջևանում հուլիսի 26-ին թափվել է 6.4 մմ տեղում, 27-ին՝ 26 մմ, իսկ 28-ին՝ 26.6 մ, որից 19.8 մմ-ը դիտվել է 28-ի գիշերը, Ճամբարակում տեղումների գումարային քանակը հուլիսի 27-28-ին կազմել է 77.2 մմ, որը կազմել է ամսական նորմայի 148%-ը։
Արդյունքում պայմանավորված այն հանգամանքով, որ տեղումները շարունակական բնույթ կրեցին և բավական հորդառատ էին, հողի խոնավությամբ հագեցվածության պայմաններում հանգեցրեցին բավական մեծ մակերևութային հոսքի և գետերում ջրի ելքերի մեծացման։
Մասնավորապես ջրի զգալի մեծացում գրանցվեց հուլիսի 28-ին երբ դիտված ելքերը բազմակի անգամ գերազանցել են նախորդ օրը դիտված ելքերին՝
- Աղստև գետի Դիլիջան հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 3.51 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 28.3 մ3/վ-ի,
- Իջևան դիտակետում հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 7.90 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 45.8 մ3/վ-ի, իսկ 20։00-ին՝ 86.0 մ3/վ-ի,
- Գետիկ-Գոշ դիտակետում հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 4.12 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 13.1 մ3/վ-ի, իսկ 29-ի առավոտյան 23.2 մ3/վ։
-1935-2023թթ ընթացքում Աղստև-Իջևան հիդրոլոգիական դիտակետում հուլիս ամսվա դիտված առավելագույն ելքը կազմել է 107 մ3/վ և դիտվել է 1960 թվականի հուլիսի 20-ին։
2024 թվականի դիտված 86.0 մ3/վ ելքը հուլիս ամսին դիտված պատմական երկրորդ առավելագույն ելքն է եղել Իջևան հիդրոդիտակետի համար։