ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.04.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գործընկերային հանդիպում է անցկացրել միջազգային և ջրային ոլորտում գործունեություն ծավալող գործընկերների հետ

Հայաստանում  ջրային ոլորտի կայուն կառավարում, իրականացվող ծրագրերի ընթացքի, միջանկյալ արդյունքների և նախանշված գործողությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գործընկերային հանդիպում է անցկացրել միջազգային և ոլորտում գործունեություն ծավալող գործընկերների հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության շրջակա միջավայրի ծրագրերի պատասխանատու Անդրեա Բաջոլին, Վերականգնման վարկերի բանկի (KFW) հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը, Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Էնդրյու Գոլդան, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար-ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» տարածաշրջանային ծրագրի ֆրանսիական թիմի ղեկավար Ֆիլիպ Սեգանը, գետավազանահին կառավարման միջազգային փորձագետ Յանիկ Պաշոնը, ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանը, «Ազգային հարմարվողականության պլան» ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը, «EU4Sevan» ՄԱԶԾ փորձագետ Աստղիկ Դանիելյանը, Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալն ընդգծել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների կառուցումը և բարձր է գնահատել աջակցությունը երկրի բնապահպանական խնդիրների  մեղմման հարցում։
Նախարարի տեղակալը նաև հույս է հայտնել, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա հետագա առավել արդյունավետ համագործակցությունների համար։
Հանդիպմանը ներկա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ այս ձևաչափով քննարկում վերջին տարիներին չի կազմակերպել և որ այն հիանալի հնարավորություն է ծանոթանալու և միասին քննարկելու ՀՀ կառավարության առաջնահերթությունները։
Քննարկվել են  Հայաստանում ջրային ոլորտի օրենսդրական բարեփոխումները և ոլորտին առնչվող միջազգային ծրագրերը։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ կարևոր է հաշվի առնել նաև, որ իրականացվող աշխատանքները չխաչվեն, այլ ընթանան զուգահեռ՝ ի նպաստ շրջակա միջավայրի և ջրային ոլորտի կայուն կառավարման և զարգացման։
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների հզորացման և ոլորտը նոր կադրերով համալրելու խնդրին։
Կողմերը պայմանավորվել են կազմել հստակ գործողությունների ճանապարհային քարտեզ և հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ պարտականությունների լիարժեք իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին։