2021 թ.-ին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից:
Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 կգ պլաստիկ և 238կգ ապակե թափոնը տեղափոխվել է վերամշակման կայաններ: Աշխատանքները ներառել են մարզի 25 բնակավայր:
Կարճաժամկետ աշխատանքով է ապահովվել 1012 բնակիչ, որոնք գետերի ափամերձ հատվածներում իրականացրել են տնկման և մաքրման աշխատանքներ: Ծրագիրը նպաստում է գետերի և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը: Շատ կարևոր է ուղղել բոլոր ջանքերը ծրագրի արդյունքների պահպանմանը:
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, պատվիրակված Գերմանիայի կառավարության կողմից, նպաստում է «Կանաչ Վերականգնմանը» և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ԷԿՈսերվ ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ: