Երևանում կայացել է Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի Կողմերի համաժողովի հինգերորդ հանդիպման նախապատրաստման վերաբերյալ Արևելաեվրոպական պետությունների տարածաշրջանային հանդիպումը, որի շրջանակում Հայաստան է ժամանել Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Մոնիկա Ստանկևիչը։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության իրավախորհրդատու, ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» (Մինամատա, 2013թ.) կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության և ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ։
Ելույթով հանդես է եկել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը ֆինանսական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաև Կոնվենցիայի քարտուղարությանը՝ փաստաթղթերի պատրաստման և աշխատաժողովի կազմակերպման հաջող աշխատանքի համար։
«Հայաստանը կարևորում է Մինամատայի կոնվենցիայի իրականացումը, որն արգելում է սնդիկի արդյունահանումը, նախատեսում է սնդիկ պարունակող ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից և դրանց փոխարինումը սնդիկ չպարունակող այլընտրանքներով, ինչպես նաև նպաստում է ապօրինի շրջանառության կանխարգելմանը՝ հաշվի առնելով սնդիկի խիստ վտանգավոր հատկությունները:Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան և ստանձնել մի շարք վարչական, բնապահպանական և այլ պարտավորություններ: Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների Հայաստանի Հանրապետությունն ընդունել է «Սնդիկի մասին» օրենքը և դրանից բխող մի շարք իրավական ակտեր:
Կոնվենցիայի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունը սերտ համագործակցում է հետևյալ միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի ՈՒսուցման և հետազոտման ինստիտուտի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, որոնց հետ համատեղ իրականացրել է մի շարք ծրագրեր»,-նշել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ներկայումս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից նախատեսվում է տրամադրել ատոմային ադսորբցիոն սարք, որի միջոցով կիրականացվեն սնդիկի և դրա միացությունների հետազոտություններ հողում, օդում, ջրում և սննդամթերքում: Սակայն մեր երկրում դեռ լուծված չեն սնդիկ պարունակող թափոնների վնասազերծման և վերամշակման հարցերը:
Քիմիական նյութերի արդյունավետ կառավարման և թափոնների գործածության համար կարևոր հայեցակետ է հանդիսանում միասնական գործունեության համակարգի մշակման անհրաժեշտությունը, որը ընդգրկում է քիմիական նյութերի և թափոնների գործածության բոլոր փուլերը` ներառյալ դրանց արտադրությունը, արտահանումը, ներկրումը, պահումը, փոխադրումը, տեղաբաշխումը, օգտագործումը և հեռացումը:
Ելույթներով հանդես են եկել Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Մոնիկա Ստանկևիչը և նախարարության իրավախորհրդատու, ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» (Մինամատա, 2013թ.) կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են COP5-ի օրակարգի և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հարցեր։