Ինչպես և հայտարարվել էր, նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում ազգային պարկի համար ձեռք է բերվել 3 հատուկ տեխնիկա, որից երկուսն արդեն գործարկվել են, երրորդը՝ մեկ շաբաթից կլինի «Սևան» ազգային պարկ-ում։ Եվս մեկ բարձիչ տեխնիկա ԵՄ գործընկերների կողմից է նվիրվել, որը դարձյալ մեկ-երկու ամսվա ընթացքում կհասնի Հայաստան։
Այս պահին «Սևան» ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում անտառշերտը մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:
Այս փուլում խնդիր է դրվել՝ հետևողականորեն հասնել Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սևանա լճի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։