ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2021
Ապակյա, պլաստիկ և մետաղյա տարաների վերադարձման համակարգի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրի կառավարման գործակալության հրավերով աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում է։
Պատվիրակությունը մասնակցում է «Ապակյա և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակներում կայանալիք ուսուցողական այցին։ 
Հագեցած օրակարգով այցի շրջանակում նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ապակյա, պլաստիկ և մետաղյա տարաների վերադարձման (դեպոզիտային) համակարգի մեխանիզմներին։
Այցի ընթացքում պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այցելել է Դեպոզիտային համակարգի ադմինիստրատորի և հաշվարկային կենտրոն՝ տեղում ծանոթացել գործող մեխանիզմին։ Քննարկվել են համակարգի ներկրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետություն։