ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.09.2023
Օզոնային շերտի պահպանության օրվա առթիվ Հայաստանը հյուրընկալել է Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարին

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան` սեպտեմբերի 16-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում էր Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան: 
Ողջունելով Օզոնի քարտուղարի այցը Հայաստան, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է գործընկերներին բնապահպանական տոնի առթիվ և խոսել Օզոնային շերտի պահպանությանն ուղղված ՀՀ կառավարության միջոցառումներից և ծրագրերից: «Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Այս առումով օզոնային շերտի փոփոխություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար։ Օզոնի պարբերական չափումները կատարվում են Հայաստանում սկսած 1993 թվականից: Այսօր դրանք իրականացվում են Արագած լեռան լանջին, որտեղ գտնվում է տարածաշրջանում միակ օզոնաչափական կայանը։ Ստացված տվյալները փոխանցվում են Գլոբալ մթնոլորտային դիտարկումների ցանց։ 1999 թվականի ապրիլի 28-ին ՀՀ-ն վավերացրել է Վիեննայի կոնվենցիան և Մոնրեալի արձանագրությունը,-նշել է նախարարը և անդրադարձել միջազգային կոնվենցիային անդամակցության շրջանակում Հայաստանի գրանցած արդյունքներին,- Համաշխարհային համաձայնագրերից քչերն են գրանցել այն հաջողությունը, ինչ՝ Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան։ Կոնվենցիայի Մոնրեալի արձանագրության շրջանակներում կառավարությունների, գիտական համայնքի և արդյունաբերության համատեղ աշխատանքի արդյունքում մինչ այժմ հաջողվել է փոխարինել այդ գազերի 99%-ը. օզոնային շերտն այժմ վերականգնվում է՝ նպաստելով մարդկության և էկոհամակարգերի առողջացմանը»: 
Նախարարը նշել է, որ իրականացվող ծրագրերի միջոցով Շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է հզորացնել և արդիականացնել երկրի ոլորտային ինստիտուցիոնալ կարողությունները և ամրապնդել գոյություն ունեցող համակարգը, օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը և Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած այլ պարտավորությունների իրականացումը: 
Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև ոլորտային համագործակցության կարևորությանը. «Օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացի պատշաճ կատարման և ցանկալի արդյունքների արձանագրման համար բավարար չէ մեկ գերատեսչության աշխատանքն ու նվիրվածությունը, քանի որ ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ հանրային կառավարման մակարդակում հաճախ լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ջանքերի մեկտեղում և նպատակային գործողությունների համադրում»: Նախարարի կողմից շնորհակալագրեր են հանձնվել գործընկեր գերատեսչություններին: 
Ելույթներով հանդես են եկել Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննան Սկաուն, որոնք ևս իրենց խոսքում կարևորեցին և տեղական և միջազգային մակարդակներում ջանքերի համատեղումը: Տիկին Սեկի Նակամուրան բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացն օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացում: 
Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերը Մոնրեալի արձանագրության և Վիեննայի կոնվենցիայի իրականացման ուղղությամբ: 
Ելույթներով հանդես են եկել գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ներկայացվել են համատեղ իրականացվող ծրագրերը: «Դայքին» ընկերության Սլովակիայի մասնաճյուղի ներկայացուցիչը ներկայացրել է «Դայքին» ընկերության նորարարությունները հանուն շրջակա միջավայրի։