Երևանի բուսաբանական այգում կայացավ Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված «Բնությունը երեխաների աչքերով» խորագրով նկարների ցուցադրությունը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության օրվան։
Երեխաները նկարել են բնությունն այնպիսին, ինչպիսին կուզենային տեսնել` չաղտոտված, անվտանգ, մարդու գոյության հետ ներդաշնակ:
Նկարների ցուցադրությունն ուղեկցվել է խաղերով և շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող հետաքրքիր դասախոսությամբ։ Նախարարության ներկայացուցիչները երեխաներին և նրանց ծնողներին են ներկայացրել բնության հետ ներդաշնակ համակեցության կանոնները։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է դաստիարակել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար նոր սերունդ։ Այսօր երեխաներին փոխանցած համոզմունքներն ու արժեքները վաղը ձևավորելու են փոփոխության տանող վարքագծային սովորություններ: Անհրաժեշտ է դաստիարակել սերունդ, որը գիտակցում է՝ մարդը բնության մի մասն է, ոչ թե՝ սպառողը։
Ցուցադրության մասնակից փոքրիկներին որպես խրախուսանք տրամադրվել են շնորհակալագրեր և խրախուսական նվերներ։
Փոքրիկներին տրամադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականցվող ECOserve ծրագրի շրջանակում մշակված «Էներգապոլիա» բնապահպանական, կրթական սեղանի խաղը։
Տեղեկացնենք նաև, որ շուտով նկարչական ցուցահանդեսին ներկայացված նկարներով կտպագրվեն էկո-պայուսակներ՝ մեկտեղելով հայ երեխաների բնապահպանական երազանքներն ու բնության հանդեպ ունեցած վերաբերմունքը: