ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2023
Սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:
Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել կարևորմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, հանրության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի ձևավորման հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ:
Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացած է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: Ներկայումս հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը:
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, գիտական, տնտեսական մեծ պոտենցիալը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն է ընձեռում իրականացնել գիտական ուսումնասիրություններ, տնտեսական և ռեկրեացիոն տարբեր ձևեր, ինչպես նաև էկոտուրիզմի տարբեր ուղղություններ, համակցված տուրեր և արշավներ:
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են 3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19%-ը, 4 ազգային պարկ («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»), զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը, ինչպես նաև 232 բնության հուշարձան և 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը: