ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.09.2023
Հայ և վրացի փորձագետները իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ

Սեպտեմբերի 4-5-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փորձագետների հետ միասին՝ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ: Աշխատանքներին ներկա էին ծրագրի հայաստանյան և վրացական ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետներ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն էին փոխանցում հայ և վրացի մասնագետներին: 
Ծրագրի նպատակն է իրականացնել մոնիթորինգ՝ ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն, որը կնպաստի երկու երկրների անդրսահմանային ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
Համատեղ մոնիթորինգն իրականացվել է Դեբեդ և Մարց գետերի 6 դիտակետում՝ 3-ը Հայաստանում և 3-ը՝ Վրաստանում: Կատարվել են դաշտային, ֆիզիկաքիմիական, հիդրոկենսաբանական ու հիդրոմորֆոլոգիական հետազոտություններ և ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձարկումների նպատակով:
Դաշտային աշխատանքներին հաջորդել է աշխատանքային քննարկումը, որի ընթացքում անդրադարձ են կատարվել տվյալների փոխանակման և համատեղ զեկույցների կազման տեխնիկական հարցերին: