2021թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը:
Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից՝ Ֆինլանդիայից, Էստոնիայից և Ֆրանսիայից, ՀՀ կառավարությունից, Եվրոպական միության պատվիրակությունից, դիվանագիտական ներկայացուցչություններից, Հայաստանում գործող միջազգային և տեղական այլ կառույցներից:
Ծրագիրը մեկնարկել է 2020թ.-ի հունվարի 13-ին և կավարտվի 2022թ.-ի մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, բյուջեն կազմում է մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրո: Հիմնական շահառու է հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (ՔԾԳ)։
Ծրագիրը հետամուտ է ՀՀ պետական կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավման ընդհանուր նպատակի իրագործմանը՝ ամրապնդելով քաղաքացիական ծառայողների արհեստավարժությունը և լավ աշխատանքը՝ պետական կառավարման սկզբունքներին համահունչ։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից` կարողությունների հզորացում, համալրում, կատարողականի գնահատում և վերապատրաստում, որոնց ուղղությամբ առաջընթացը ներկայացվել է վերոհիշյալ միջոցառման ընթացքում։
Ակնկալվում է, որ թվարկված բաղադրիչների ներքո իրականացվող գործողությունները կհանգեցնեն մասնավորապես հետևյալ պարտադիր արդյունքներին`
ՔԾԳ և շահառու հաստատությունների կարողությունների զարգացում,համալրման և ընտրության համակարգերի ուժեղացում, քաղաքացիական ծառայության կատարողականի գնահատման համակարգի բարեփոխում և
վերապատրաստման համակարգի բարելավում։
Ծրագրի վերջին եռամսյակում նախատեսվում է իրականացնել ուսուցողական այցելություններ Ֆրանսիա, Էստոնիա և Ֆինլանդիա։