ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2021
Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում

Անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման գործընթացում վարձավճարները կհամապատասխանեցվեն  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար սահմանված վարձավճարներին։
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N668-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի Կառավարությունն է սահմանում պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող որոշումը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով որոշման Հավելվածը շարադրվում է նոր խմբագրությամբ։ Բացի այդ Հավելվածի նոր խմբագրության մեջ վարձավճարները սահմանվում են ոչ թե ըստ մարզերի, այլ ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպետությունների։
Նախագծի ընդունմամբ անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման գործընթացում վարձավճարները կհամապատասխանեցվեն  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար սահմանված վարձավճարներին։