ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի հետ համատեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխություն, որի նպատակն է ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։
Միջոցառումը կարևոր հարթակ կստեղծի լավագույն փորձի տարածման համար, կխթանի շահագրգիռ կողմերի համագործակցությունը՝ ուշադրություն հրավիրելով կլիմայի փոփոխության` կանանց և տղամարդկանց վրա անհամաչափ ազդեցության ուղղությամբ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերում՝
- Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ,
- Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ,
- Կլիմայական խնդիրների լուսաբանում,
- Կլիմայական կրթությունը բոլորի համար,
- Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ,
- Երիտասարդները կլիմայական գործողություններում:
Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության բնագավառում լուծումների մրցանակաբաշխության ներկայացման դիմումներն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ առաջադրմամբ:
Առաջադրել կարող են պետական և ոչ պետական կազմակերպություններ, հասարակական և միջազգային կառույցներ, այդ թվում՝ կրթական հաստատություններ, ձեռնարկատիրական ընկերություներ, իսկ ինքնաառաջադրվել կարող են տարբեր ոլորտներում աշխատող կամ գործունեություն իրականացնող կանայք:
Կազմակերպությունը կամ կառույցը կարող է առաջադրել մեկից ավելի ծրագիր և թեկնածու։ Խաչաձևով խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները կարող են առաջադրվել առավելագույնս երկու անվանգակարգում։ Յուրաքանչյուր անվանակարգի համար կարելի է ներկայացնել միայն մեկ թեկնածու:
Ինքնաառաջադրվելու պարագայում հարկավոր է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր–նամակ։ Ներկայացվող լուծումները պետք է իրականացված լինեն վերջին հինգ տարվա ընթացքում:
Ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր լուծումները կամ ծրագրերը կհրապարակվեն էլեկտրոնային գրքույկում։
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հարկավոր է լրացնել էլեկտրոնային հայտադիմումը (https://bit.ly/3hGFgvz) մինչև 2022թ. մարտի 21-ը, ժամը` 23:59:
Խրախուսվում է հայտադիմումը լրացնել, եթե իրականացված աշխատանքը/լուծումը ուղղված է եղել կլիմայի փոփոխության մեղմմանը և/կամ հարմարվողականությանը, իսկ արդյունքներն ունեցել են իրական, երկարաժամկետ, կրկնօրինակելի ազդեցություն, օրինակը տարածվել է այլ համայնքներում կամ երկրներում։
Էլեկտրոնային հայտադիմումի ներկայացման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (041) 102 221 հեռախոսահամարով: Հարցերը կարող եք ուղարկել nsakanyan@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Լրացուցիչ տեղեկությունների, ընթացիկ նորություններին ծանոթանալու համար կարող եք այցելել մրցանակաբաշխության կայքէջ՝ https://www.wice.am/awards: