Մայիսի 22-ին տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը եզրափակեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած «Կենսաբազմազանության շաբաթվա» միջոցառումների շարքը։ Միջոցառումը նվիրված էր Կենսաբազմազանության համաշխարհային օրվան՝ ընդգծելով այս կարևոր նախաձեռնության շրջանակում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներն ու ստանձնած պարտավորությունները։
Հայաստանը, հանդիսանալով կենսաբազմազանությամբ հարուստ երկիր, այս տարի նշանակալի առաջընթաց է գրանցել բնության պահպանության ուղղությամբ։ Իսկ առավել նշանակալի իրադարձությունը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալողի կարգավիճակին արժանանալն է։ Սա մեր երկրի համար բացառիկ հնարավորություն է՝ հանդես գալու որպես միջազգային օրակարգ ձևավորող և կենսաբազմազանության ոլորտում կայուն լուծումներ առաջարկող կողմ։
Մայիսի 16-ից 22-ը անցկացված «Կենսաբազմազանության շաբաթվա» ընթացքում կայացան մասնագիտական սեմինարներ, դպրոցական ծրագրեր, համայնքային գործնական նախաձեռնություններ, հանրային քննարկումներ՝ համադրելով բնապահպանական քաղաքականությունը, գիտությունը, կրթությունը, տեղական համայնքները և միջազգային գործընկերներին։
Մայիսի 22-ին կայացած ամփոփիչ միջոցառմանը մասնակցեցին՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը,
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17 կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը,
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը,Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպանը,
տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Միջոցառումը մեկնարկեց նախարար Հակոբ Սիմիդյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց օրվա խորհրդանիշ նշանակությունը՝ նշելով.
«2025 թվականի մայիսի 22-ը և 2026 թվականի մայիսի 22-ը Հայաստանի համար կստանան կրկնակի նշանակություն։ Առաջինը՝ մենք արդեն մեկնարկել ենք ճանապարհը COP17-ի հյուրընկալման ուղղությամբ։ Երկրորդ՝ մենք գործնական քայլերով ենք ապացուցում մեր հավատարմությունը բնության պահպանության միջազգային օրակարգին։ Այսօր Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի 38,800 մանրաձուկ, բնություն վերադարձվեցին 9 ազնվացեղ եղջերու, և գործարկվեց ծառատնկման թվային հարթակը։ Այս ամենը հուսով եմ նաև մեր միջազգային գործընկերներին է ցույց տալիս մեր շիտակ նվիրումը բնության պահպանության գործին»,-նշել է նախարարը։
Նախարարը նաև անդրադարձել է վերջին տարիների ձեռքբերումներին.
«Կցանկանայի ներկայացնել նաև ՀՀ կառավարությունը կառավարման ինչ համակարգային քայլեր է իրականացրել ոլորտի կայացման ուղղությամբ, ամենակարևորը վստահ եմ նախարարության կազմում Էկոպարեկային ծառայության հիմնումն է, որը արդեն ըստ էության իրականացնում է իր աշխատանքները։ Մեր նպատակը շատ ավելի արագ տեմպերով ծառայությունը կայացնելն է։ Կարծում եմ այս ծառայությունը հայաստանի անտառների, պահպանվող տարածքների և էկոհամակարգերի պահպանության տեսանկյունից անչափ կարևոր է և որևէ ջանք չենք խնայի, որ այս ծառայությունն իր նպատակին ծառայի Վերջին երեք տարում շուրջ 600 հազար Սևանի իշխանի մանրաձուկ է բացթողնվել Սևանա լիճ, 22 եղջերու է վերադարձվել Հայաստանի բնություն»։
Ելույթով հանդես է եկել Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում ներկայացրեց համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, կարևորվող թեմաները և ընդգծել.
«Հայաստանը ստանձնել է պատմական պատասխանատվություն՝ հանդիսանալով ոչ միայն հյուրընկալող, այլև նախաձեռնող երկիր։ COP17-ը մեզ համար հարթակ է՝ բարձրաձայնելու տարածաշրջանի բնապահպանական մարտահրավերները և ձևավորելու նոր լուծումներ»։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, հանդես գալով ողջույնի խոսքով, ընդգծեց միջազգային գործընկերության կարևորությունը՝ կենսաբազմազանության պահպանության համատեքստում՝ նշելով.
«Այսօր, երբ կենսաբազմազանության կորուստը դարձել է գլոբալ մարտահրավեր, բոլոր երկրները կանգնած են ընդհանուր պատասխանատվության առաջ։ COP17 համաժողովը եզակի հնարավորություն է՝ ստեղծելու համախմբվածություն այս խնդիրների լուծման շուրջ, և Հայաստանը, լինելով կենսաբազմազանությամբ հարուստ երկիր և համաժողովի հյուրընկալող, ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու այդ փոխգործակցության առանցքային հարթակը»։
Նա կոչ է արել առավել սերտ ներքին և արտաքին համագործակցության։
Ելույթներով հանդես են եկել WWF-Հայաստանյան գրասենյակի տնօրեն տնօրեն
Լևոն Աղասյանը, ՇՄՆ, ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Վիգեն Չիլինգարյանը։
Միջոցառմանը տեղի ունեցել նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից պատրաստված ծառատունկ իրականացնելու նորարարական մի հարթակի ներկայացում, որը ծառատունկը վերածում է հասանելի, թափանցիկ և մասնակցային գործընթացի։
Treeme.am-ն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու կամ կազմակերպության իրական ներդրում ունենալ Հայաստանի կանաչապատման և կենսաբազմազանության պահպանման գործում՝ ընդամենը մի քանի սեղմումով։
Treeme-ն այն հարթակն է, որտեղ տեխնոլոգիան ծառայում է բնությանը, իսկ յուրաքանչյուր ծառ՝ դառնում ներդրում մեր երեխաների ապագայի համար։
Ավելի մանրամասն՝ www.treeme.am
