ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.02.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներն ընդունել են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավարին և ծրագրերի ղեկավարին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանն ընդունել են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վիտալի Կովալյովին և ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյանին։
Աննա Մազմանյանը գործընկերներին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին, ով համակարգելու է բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության ոլորտը և ում համակարգման ներքո գտնվող ոլորտն անմիջական կապ ունի մեր երկրում Գերմանիայի բնության պահպանության միության ծավալած գործունեության հետ։
NABU-ն Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել դեռևս 2001 թվականից: Այդ ժամանակից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվել են մի շարք նախագծեր՝ ուղղված Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը, իսկ 2007թ.-ի մարտին նախարարության հետ ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր: 2010թ.-ի նոյեմբերին բացվել է Գերմանիայի բնության պահպանության միության պաշտոնական մասնաճյուղը ՀՀ-ում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել սպիտակ արագիլների աղտոտման խնդրին։ Տարածաշրջանի էկոլոգիական խնդիրը լուծելու, թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և դրան համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է նաև NABU-ի հետ։ 
Լուսինե Աղաջանյանը ներկայացրել է միության կողմից իրականացված ուսումնասիրութունների և աշխատանքների ընթացիկ վիճակը։ 
Աննա Մազմանյանը տեղեկացրել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և այլ գերատեսչությունների հետ ամիսներ տևած աշխատանքների արդյունքում արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն դրանք իսպառ վերացնելու ուղղությամբ։
Վիտալի Կովալյովը ներկայացրել է 2022 թվականին սպիտակ արագիլին «Տարվա թռչուն» հռչակելու NABU-ի առաջարկը։ Այսպիսի ընտրությունը թիրախային է, հաշվի առնելով 2017 թվականից Արարատյան դաշտում նկատվող արագիլերի աղտոտման երևույթը։ Ակցիան կօգնի հանրության ուշադրությունը սևեռել բնապահպանական այս խնդրին և ձևավորել ու արմատավորել էկոլոգիական մշակույթ։
Անդրադարձ է կատարվել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին, որը վերջին ժամանակներում սրվել է մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով։
Նախարարությունն այս խնդրի շուրջ բազմաթիվ հանդիպում-քննարկումներ է անցկացրել և լուծմանն ուղղված ցանկացած որոշում պետք է նախևառաջ բխի բնապահպանական շահից։
NABU-ն 2018 թվականից իրականացնում է մարդու և վայրի կենդանիների միջև կոնֆլիկտի ուսումնասիրություն։ Ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին, որի ընթացքում կիրականացվեն փորձնական ծրագրեր՝ կանխելու և լուծելու խնդիրը։
Անդրադարձ է կատարվել նաև մեկ այլ բնապահպանական խնդրի, պարոն Կովալյովը ներկայացրել է, որ Գերմանիայում հաջողությամբ կիրառվում է էլեկտրալարերին թռչունների բախումը կանխելու փորձը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել փորձի փոխանակման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են, որ նախարարության և Գերմանիայի Բնության Պահպանության Միության առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման և պահպանության ոլորտում համընկնում են և պետք է առավել ակտիվ ու արդյունավետ միավորել ջանքերն այդ ուղղությամբ։