ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.02.2022
Կայացել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման խորհրդի արտագնա նիստը

Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է  «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի արտագնա նիստը:
Արտագնա նիստին հեռավար տարբերակով մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը: Նիստին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալները, «Կազմակերպական կարողությունների զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչները, գյուղապետեր, միջգերատեսչական կառավարման խորհրդի անդամները, «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ, ինչպես նաև այլ հրավիրված անձինք:
Նիստի ժամանակ ներկայացվել են Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկվել է Ծրագրի տարեկան (2020թ. հուլիս – 2021թ. հուլիս) գնումների պլանով նախատեսված աշխատանքների կատարման և ծրագրի շրջանակներում ձեռքբերված աղբամանների տրամադրման բաշխվածության որոշման նախագիծը, և հաստատվել է Ծրագրի 2022 թվականի գնումների պլանը և աշխատանքների կատարման ժամանակացույցը: