ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2022
Աշխատաժողով՝ նվիրված «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքների կառավարման պլանավորմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է աշխատաժողովի՝ նվիրված «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքների կառավարման պլանավորմանը՝ առավելագույնս օգտագործելով հայկական, էկոտարածաշրջանային և միջազգային փորձը։
Աշխատաժողովի նպատակն է դիտարկել Հայաստանի և տարածաշրջանի օրինակելի փորձը և նախորոշել դրա կիրառումը «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կառավարման պլանավորման գործընթացում։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձել է բնության հատուկ պահպանվող տարածքներն առանցքային դերակատարմանը։ Դրանք նպաստում են շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության նվազեցմանը, էկոլոգիական հավասարակշռության ապահովմանը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանմանը: 
«ԲՀՊՏ–ների ներկա համակարգի պահպանումն ու զարգացումը հանդիսանում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության իրականացման, ինչպես նաև երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչն ու երաշխիքը:
Կառավարել հատուկ պահպանվող տարածք նշանակում է արդյունավետ գործարկել  մի ամբողջ  կառույց, որը կապահովի տարածքի պահպանությունը, կենսաբազմազանության մոնիթորինգը, էկոտուրիզմի զարգացումը, համագործակցությունը համայնքների հետ, և մի շարք այլ գործառույթներ:
Այս գործընթացում մենք կարևորում ենք նաև պահպանվող տարածքների կառավարման այլընտրանքային և նորարարական մոդելների ներդրումը, միջազգային փորձի կիրառումը և զարգացումը Հայաստանում,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ աշխատաժողովի մասնակիցները կներկայացնեն  իրենց մոտեցումները և առաջարկները և միասին կքննարկեն խնդրահարույց հարցերի վերաբերյալ բոլոր կողմից ընդունելի լուծումեր։