Նայրոբիում կայացել է միջազգային բարձր մակարդակով հանդիպում՝ պլաստիկ աղտոտման դեմ իրավաբանորեն պարտադիր գործիքի մշակման շուրջ:
2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի է ունեցել Պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիքի մշակման միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ) պատվիրակությունների ղեկավարների առկա ձևաչափով հանդիպումը։
Հայաստանի Հանրապետությունից հանդիպմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը, որը գլխավորում էր նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, պատվիրակության կազմում էր նաև միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը։
Հանդիպումը նախաձեռնվել էր ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP)՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի վեհաժողովի կողմից 2022 թվականին ընդունված 5/14 բանաձևի շրջանակում՝ «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք»։
Հանդիպման հիմնական նպատակն էր ապահովել միջպետական կարծիքների փոխանակման և դիրքորոշումների ճշգրտման հարթակ՝ նախապատրաստվելու համար միջկառավարական բանակցային կոմիտեի հինգերորդ նիստի երկրորդ հատվածին (INC-5.2), որը նախատեսված է 2025 թվականի օգոստոսին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում։
Քննարկումների առանցքում են եղել՝
- իրավաբանորեն պարտադիր միջազգային գործիքի վերջնական ձևավորման հնարավոր ուղիները,
- բանակցային գործընթացի ավարտի ռազմավարական նախապատրաստական քայլերը,
- ինչպես նաև INC-5.2-ի կազմակերպման և ընթացակարգային հարցերի շուրջ գործնական համագործակցությունը։
Հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ անդամ պետությունների միջև արդյունավետ փոխգործակցությունն ապահովելու, ընդհանուր տեսլականի շուրջ համախմբվելու և պլաստիկ աղտոտման դեմ համակարգված միջազգային պայքարի ուղղությամբ նպատակային առաջընթաց գրանցելու համար։
