Այսօր՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարան ՊՈԱԿ-ում։
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը։
Նախարարը շրջել է թանգարանի ցուցասրահներում և ծանոթացել թանգարանում ներկայացված Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներին։
«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը հանդիսանում է մեր տարածաշրջանում գործող միակ համալիրային թանգարանը: Թանգարանի ֆոնդերում առկա են ավելի քան 6500 ցուցանմուշներ: Չորս սրահներում ցուցադրվում են ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։
Մշտապես գործող ցուցադրությունից զատ թանգարանում բազմիցս գործում են ցուցահանդեսներ, պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը և ակտիվ մասնակցությունն էկոլոգիական խնդիրների լուծման գործում:
Շրջայցից հետո նախարարը խորհրդակցություն է անցկացրել թանգարանի աշխատակիցների հետ։
Նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ և իր գոհունակությունը հայտնել որակյալ աշխատանքի և այն նվիրումի համար, որով նրանք ամեն օր շարունակում են հարյուրավոր քաղաքացիների ծանոթացնել մեր երկրի բնության յուրահատկություններին ու ընդերքի հարստությանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին, նախարարը գործընկերների հետ քննարկել է թանգարանի արդիականացման ու զարգացման առկա հնարավորությունները, շենքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր։