Շարունակվում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանի և Արամ Մեյմարյանի աշխատանքային այցը Չեխիայի Հանրապետություն։
Նախարարի տեղակալները Չեխիայում են ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ճանաչողական այցով։
Այցի օրակարգի շրջանակում նախարարի տեղակալներն այցելել են Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալություն, որտեղ աշխատանքային հանդիպում են անցկացրել գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելցի, Բնության հատուկ պահպանության բաժնի ղեկավար Դեյվիդ Լաչինայի և արտաքին կապերի բաժնի ղեկավար Թոմաշ Ռուզիչկայի հետ։
Հայկական կողմին է ներկայացվել գործակալության գործունեությունը, կառուցվածքը, նախարարության և շրջակա միջավայրի կառավարման քաղաքականությունը մշակող ստորաբաժանումների հետ կապը և գործունեության ֆինանսական պլանավորումն ու անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման եղանակները։
Կողմերը փորձի փոխանակում են իրականացրել մասնավոր հատվածի և համայնքների հետ համագործակցության ձևաչափերի շուրջ։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հետաքրքրվել է անտառային ոլորտում խնդիրների, ինչպես նաև մայրդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծման չեխական եղանակներով, մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի մեթոդներին։
Այցի օրակարգում նախարարի տեղակալները եղել են «Չեխական դրախտ» բնության հատուկ պահպանվող տարածքում, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել են տարածքի պահպանության և արդյունավետ կառավարման մեխանիզմներին և անհրաժեշտ մասնագետներ ներգրավելու եղանակներին։
Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության ներկայացուցիչները նախարարի տեղակալների հետ կիսվել են բնության պահպանության ոլորտում իրենց ունեցած գիտելիքներով և փորձառությամբ։
Փորձի փոխանակում է իրականացվել նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոզբոսաշրջության մատուցվող ծառայությունների փաթեթային առաջարկների և էկոկրթական բաղադրիչի շուրջ։
