ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիին։
Հանդիպման օրակարգում  էին կլիմայական հարցեր, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։
Ողջունելով հյուրերին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրություններին՝ որպես COP28  համաժողովի հյուրընկալող և նախագահող երկիր ընտրվելու առթիվ և արդյունավետ գնահատել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև համագործակցությունը։
«Հայաստանը խորապես հավատարիմ է  հետագա ինտեգրմանը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ գործընթացներին՝ ոչ միայն հռչակելով կլիմայական հավակնոտ օրակարգ, այլ նաև առաջարկելով կոնկրետ լուծումներ և ներգրավվելով բանակցություններում՝ վերջնականացնելու մեխանիզմներն ու պայմանավորվածությունները, որոնք անհրաժեշտ են Փարիզյան Համաձայնագրի նպատակներին հասնելու համար»,-նշել է նախարարը։ 
Հանդիպման ընթացքում տիկին Ահլամ ԱլՍալամին ներկայացրել է COP28  համաժողովի նախապատրաստական աշխատանքները, նախնական օրակարգը և այն ուղղությունները, որոնց շուրջ երկրները քննարկումներ են ծավալելու։
Տիկին ԱլՍալամին պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն ներգրավվել Հայաստանի կողմից համաժողովին ներկայացվելիք օրակարգի ձևավորման աշխատանքներում, և խնդրել է հայ գործընկերներին հանդես գալ առաջարկություններով և դիտարկումներով, որոնք կօգնեն առավել համակարգված ու արդյունավետ դարձնել երկրի մասնակցությունը խոշորագույն կլիմայական համաժողովին։
Նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Կողմերի 29-րդ նստաշրջանը (COP29) հյուրընկալելու համար և  ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ներդնել առավելագույն ջանքեր համաժողովը հյուրընկալելու և պատշաճ անցկացնելու համար։
Կողմերը քննարկել են COP28-ին առընչվող հարցերի լայն շրջանակ։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն համաժողովին ընդառաջ պարբերական հիմքունքներով կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ համագործակցության և երկխոսության ճանապարհով Հայաստանի պաշտշաճ մասնակցության ցանկալի արդյունքների հասնելու համար: