ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.10.2023
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ 
Ողջունելով պարոն Մարագոսին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու  կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: 
Հանդիպման մեկնարկին նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից  ցուցաբերվող աջակցության ծրագրերից և ներկայացրել դրանց ընթացքը։
Նախարար Սիմիդյանը բարձր է գնահատել շրջակա միջավայրի ոլորտում Եվրոպական միության հետ համագործակցությունը և դրական գնահատել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները։ 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին փաստել  է համագործակցության արդյունքում գրանցած դրական արդյունքները և նշել, որ շրջակա միջավայրի ոլորտի արդյունավետ կառավարումը չափազանց կարևորվում է թե՛ անձամբ իր, և թե՛ Եվրոպական միության կողմից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ, CEPA)։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը։ 
Սկսած 2019թ. հունիսից, շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել են  ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Ճանապարհային քարտեզի «Շրջակա միջավայր և Կլիմայի փոփոխություն» գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։ 
Նախարարը նշել է, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։ 
Քննարկվել են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող և ներկայումս ընթացող ազգային և տարածաշրջանային մի շարք բնապահպանական ծրագրեր։
Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության պահպանության, անտառկառավարման, մթնոլորտային օդի պահպանության և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտի խնդիրներին։ 
Շրջակա միջավայրի պահպանությանը և որոշումների կայացմանը  քաղաքացիական հասարակության մասնակցայնության և պատշաճ ներգրավվածության համատեքստում նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարությունում ներկայումս ընթացող Օրհուս գրասենյակների վերագործարկման աշխատանքները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է արդեն իսկ ավարտված «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրից, որի ընթացքում գրանցած ձեռքբերումների հիման վրա այսօր բարելավվում է ոլորտի օրենսդրական դաշտը։ Ինչպես նաև անդրադարձել է «EU4Sevan» («Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն») ծրագրին և հույս հայտնել վերջինիս շարունակականության։
Հանդիպման ավարտին կողմերը փաստել են, որ  ստեղծված են բոլոր նախադրյալները առկա համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել իրականացվող ծրագրերի  նոր օրակարգ։