Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի 7 անդամներ ներկայացրել են խորհրդին անդամակցության դադարեցման դիմումներ։ Ուստի կազմի համալրման նպատակով նախարարությունը հայտարարում է խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունում։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով ձևավորվել է հանձնաժողով (կազմը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, նախարարության գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական, նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության, իրավաբանական վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչներ), որը օբյեկտիվ և անկողմնակալ չափորոշիչներով կընտրի խորհրդի նոր անդամներին։
Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդատվական կառույց է։
Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։
Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել press@env.am էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։
Հայտի մեջ պետք է ներառել՝
- Անուն, ազգանուն
- Կազմակերպության անուն
- Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր
- Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները
- Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործակցում
- Բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն
- Հեռախոսահամար
- Էլեկտրոնային հասցե:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 2-ն է։
Հասարակական խորհրդի կազմի ընտրությունը կատարվելու է հատուկ այդ նպատակով նախարարի հանձնարարականով ձևավորված հանձնաժողովի կողմից։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 501 հեռախոսահամարով։