ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.08.2023
Շրջանառության է դրվել Կառավարության որոշման նախագիծ՝ ջրօգտագործողների կողմից տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ սարքերի տեղադրման վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո, տեղադրված ջրաչափիչ սարքի ցուցմունքը, համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի, հիմք է հանդիսանալու բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ջրօգտագործողների փաստացի ծավալների հաշվառման համար:
Հաշվի առնելով վերը նշվածի և հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։
Որոշման նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/6168