ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2025
Բացվել է ջրաօդերևութաբանության լաբորատորիան

Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համագործակցության շրջանակում  բացվեց ջրաօդերևութաբանության  լաբորատորիա։
Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախարարի տեղակալներ Արամ մեյմարյանը և Վահե Դավթյանը, նախարարության ներկայացուցիչներ, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի տնօրեն Թաթուլ Հայրապետյանը, դասախոսներ, ուսանողներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Նախարար Մաթևոսյան իր ելույթում նշել է, որ այս համագործակցությունը հանդիսանում է բուհ - աշխատաշուկա կապի լավագույն օրինակներից մեկը, որն ուղղված է ջրաօդերևութաբանության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։
«Մասնագիտության բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներն արդեն իսկ իրենց ուսումնական և մասնագիտական պրակտիկաներն անցնում են ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնում, իսկ վերջին հինգ տարիներին ֆակուլտետի շուրջ 15 շրջանավարտներ աշխատանքի են անցել ընկերությունում։
«Ջրաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագրում ներդրվել են արդիական առարկաներ, որոնք նպաստում են շուկայի պահանջներին համապատասխան մասնագետների ձևավորմանը»։
Համագործակցության շրջանակում վերանորոգվել և ամբողջությամբ կահավորվել է ֆակուլտետի ջրաօդերևութաբանության լաբորատորիան՝ համալրվելով նոր սարքավորումներով և գույքով։
Միջոցառումից առաջ նախարարը ԵՊՀ ռեկտոր պարոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, որտեղ ստեղծվել են ժամանակակից ուսումնական պայմաններ, վերանորոգվել են լսարանները և լաբորատորիաները, ներդրվել են նոր տեխնոլոգիական լուծումներ։
Համալսարանում ձևավորվում է միջավայր, որտեղ գիտությունը, կրթությունը և պրակտիկան համադրվում են՝ ուղղված լինելով ժամանակակից պահանջներին և համապատասխան մասնագետների պատրաստմանը։