ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերների հետ այցելել է Սյունիքի մարզ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը և «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի ղեկավար Միշել Բլիմսրիդերը 
Սյունիք կատարած այցի շրջանակում ՇՄՆ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել են «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի տարածքներ:
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, դրանով իսկ նվազեցնելով բնության վրա մարդածին ճնշումը։
Ծրագրի նպատակն է նաև երկարաժամկետ կտրվածքով նպաստել հարավային Կովկասի կենսաբազմազանության պահպանմանը՝ առանց բացասական ազդեցություն թողնելու գյուղական համայքների բնակչության եկամտի և կենսամակարդակի վրա: 
Այցը մեկնարկել է Տաթև համայնքում, որտեղ Փոքր դրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից կառուցվել է երկու ջերմոցային տնտեսություն, որոնցից մեկում շահառուներն աճեցնում են բանջարեղեն, իսկ երկրորդում՝ կանաչապատման բույսեր (ծաղիկներ, խոտաբույսեր, թփեր)։
 Նախարարի տեղակալի և գործընկերների այցը շարունակվել է «Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Շիկահող և հարակից համայնքներ, որտեղ  էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչի շրջանակներում մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 ք.մ., ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ և  էներգաարդյունավետ վառարաններ։
Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռք բերման համար՝ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար աղբահանության համակարգ կազմակերպելու նպատակով։
 Այցը եզրափակվել է Ագարակ համայնքում, որտեղ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։
Սյունիք կատարած այցի  շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ։
Հանդիպումների ընթացքում KfW-ի ներկայացուցիչները տեղեկացրել են նաև նոր՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մասին, որի բյուջեն տրամադրել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը՝ KfW-ի միջոցով: Առաջիկայում սպասվում է պայմանագրի ստորագրումը, ու այս տարվա ընթացքում այն կմեկնարկի։ 
Նոր ծրագրի իրականացման վայրերից մեկը Սյունիքն է, ու նրա առանցքում կլինեն ինչպես անտառը, այնպես էլ պահպանվող տարածքների կառավարման պլանները, վարչական շենքերի նորոգումը, իրազեկման բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքը, տեղական կայուն զարգացումն ու զբոսաշրջությունը։