ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։
«Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի  և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ կառավարությունը հետամուտ է գերմանական կողմի հետ իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը»,-նշել է նախարարը։
Տիկին Բուշն իր հերթին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` #COP17-ն հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ։ 
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝  Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնապահպանական օրակարգում կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է, և մենք կարող ենք համագործակցել համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս»,-նշել է նախարար Սիմիդյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը, քննարկվել է հնարավոր  համագործակցության հնարավորությունը։
Կողմերն անդրադարձել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերին։
Մասնավորապես քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ՝  Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, անտառների պահպանություն և կայուն կառավարում։ 
Նախարարը նշել է, որ Կենսաբազմազանության կողմերի համաժողովն հյուրընկալելու շրջանակում  պետք է կրկնապատկել և առավել կենտրոնացնել  ջանքերն այս ուղղությամբ։
Քննարկվել է  նաև ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը։Նախարար Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել գործակցությունը բոլոր հնարարավոր ուղղություններով։