ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.07.2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշ երթուղիներ փակ են զբոսաշրջային այցերի համար

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը փակ են զբոսաշրջային այցերի համար
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ամեն տարի՝ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, իրականացվում է զբոսաշրջության համար թույլատրելի տարածքների և դրանցում օպտիմալ ծանրաբեռնվածության սահմանում՝ սեզոնի և տարվա կտրվածքով: 2018 թվականից այցելուների անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ) փակ են զբոսաշրջային այցերի համար: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, մասնավորապես «Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային այցերի սահմանափակումները և/կամ արգելումը բխում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից: Արգելոցի ստեղծման և  կառավարման գլխավոր նպատակը Հայաստանում եզակի և բացառիկ  լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանումն է: 
«Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային երթուղիների շահագործման ժամանակ հաշվի է առնվում հայկական իժի ապրելավայրերի տեղաբաշխվածությունը, ինչպես նաև սեզոնային ակտիվությունը: Նման սահմանափակումներն ուղղված են առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառմանը: Կաքավաբերդը և դրան հարակից տարածքները հարմար ապրելավայրեր են բեզոարյան այծերի, ինչպես նաև հազվագյուտ ու վտանգված  կովկասյան ընձառյուծի պահպանության համար: Այս տեսակների պահպանումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Հայաստանի, ինչպես նաև ողջ էկոտարածաշրջանի  կարևորագույն բնապահպանական  խնդիրներից մեկն է համարվում: Խոշոր գիշատիչների պահպանությունը որոշ դեպքերում պահանջում է մեծ տարածքներ, առանց մարդու ներկայություն և միջամտության, որով էլ պայմանավորվում են դեպի այս տարածքներ մուտքի թույլտվության սահմանափակումները: 
2023 թվականի համար անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ), փակ են այցելությունների համար։ Սահմանափակումների կիրառումն իրականացվում է առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովման, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառման նպատակներով: Օրինակ՝ հայկական իժի սեզոնային ակտիվությունը և բեզոարյան այծերի ծնի ժամանակահատվածը , ինչպես նաև պետական արգելոցում կովկասյան ընձառյուծի մշտական բնակության հաստատման վերաբերյալ մոնիթորինգի և գիտական ուսումնասիրությունների տվյալները։
Ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք պահպանել սահմանված կանոնները։