ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.03.2025
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին:
Կայացել է  «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքների բաղադրիչի մեկնարկային աշխատաժողովը։ Այն ոլորտում դրամաշնորհային ամենամեծ ծրագիրն է, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։
Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին և համագործակցության զարգացման պատասխանատու Կատրին Բուդեր-Պելչին՝ քննարկելու ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքներն, ինչպես նաև՝ ամփոփելու առաքելության վերջին այցի ընթացքում գույքագրված խնդիրներն ու նախանշելու հետագա անելիքները։
Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Սիմիդյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) և նախարարության միջև արդեն երկար տարիներ առկա արդյունավետ փոխգործակցությանը։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը և հրավիրել ներկա գտնվելու Սյունիքի մարզային վարչության աշխատանքների մեկնարկային միջոցառմանը։
Քննարկվել են Էկոպարեկային ծառայության լիարժեք գործարկման և կայացման երկկողմանի պատկերացումները։
Անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման նոր մոդելին, գործընկերները փոխանակվել են կարծիքներով դրա լավագույն տարբերակի շուրջ։ Անդրադարձը թույլ է տվել հստակեցնել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվի նոր մոդելը՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքներն ու փորձը։ Այժմ փորձ է արվում հստակեցնել այն հիմնական նպատակները, որոնք պետք է սահմանվեն, այդ թվում՝ բնական էկոհամակարգերի պահպանություն, տարածքների կենսաբազմազանության պահպանություն, ինչպես նաև տեղական համայնքների մասնակցություն և շահերի հավասարակշռում։
Միջազգային գործընկերների հետկշարունակվեն աշխատանքները՝ իրականացնելու շարունակական մոնիթորինգ և գնահատում, որպեսզի կատարելագործվեն առկա պատկերացումները։
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել  2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։ Գերմանական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կազմակերպչական հարցերում, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում՝ միջոցառման բարձր մակարդակի իրականացման համար։ 
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ամենաբարձր մակարդակով շարունակվում են նախապատրաստական աշխատանքները, և արդեն իսկ մշակվում են տարբեր միջոցառումներ, որոնք կնպաստեն համաժողովի արդյունավետությանը և լայն ազդեցություն կունենան բնապահպանական քաղաքականության դաշտում։