ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2021
Կայացել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» եզրափակիչ աշխատաժողովը

Ծրագիրն իրականացվել է համատեղ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հայաստանի Հանրապետությունը ծրագրին մասնակցել է միայն  Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) մասով։ 
Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականի հոկտեմբերի 22-ին վավերացրել է Ստոկհոլմի կոնվենցիան, որով ստանձնել է մի շարք իրավական, վարչական և բնապահպանական պարտավորություններ։
Կայուն օրգանական աղտոտիչների հիմնախնդիրը ներկայումս խիստ արդիական է, քանի որ դրանք տոքսիկանտներ են, որոնք քիմիական վտանգ են ներկայացնում մարդու առողջության, շրջակա միջավայրի և կենսաբանական ամբողջականության համար: 
Դրանց մեծամասնությունն օժտված են բարձր թունունակությամբ և պատճառ են հանդիսանում մի շարք լուրջ հիվանդությունների:  Կայուն օրգանական աղտոտիչները տարածվում են օդային և ջրային զանգվածների միջոցով մեծ հեռավորությունների վրա, ընդգրկվում են սննդային շղթաների մեջ և կուտակվում  մարդու ու կենդանիների օրգանիզմներում: 
Ծրագրի ընթացքում հաշվառվել, հայտնաբերվել, մակնշվել  և անալիզի է ենթարկվել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի 2000 նմուշ՝ դրանց հետագա վնասազերծման կամ ոչնչացման եղանակը որոշելու նպատակով։
Աշխատաժողովին մասնակցել են բնապահպանության և ընդերքի, առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև էներգետիկ համակարգի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հրազդան-5», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի, «Հրազդանի ջերմաէլեկտրակայան» ԲԲԸ-ի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կազմակերպությունների ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուղերը հիմնականում գտնվում են շահագործվող սարքավորումներում, մեր երկրի համար արդիական է ՊՔԲ-ներից այդ յուղերի էկոլոգիապես անվտանգ վնասազերծումը համապատասխան մասնագիտացված սարքավորման միջոցով՝ դրանց հետագա երկրորդային օգտագործման համար:
Կոնվենցիայի Կողմ երկրները կարող են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերել յուղերի վնասազերծման սարքավորում։