ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.07.2022
Կայացավ «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովը

Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ իր տեսակի մեջ առաջին «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը։ 
Միջազգային համաժողովի նպատակն էր առանցքային շահառուների համար ստեղծել նախապայմաններ միմյանց պարտականությունների և իրականացված և իրականացվող գործողությունների ավելի հստակ պատկերացման, հետազոտական, մոնիթորինգային և պլանավորման գործողությունների ուղղությամբ հնարավոր համատեղ լուծումների տարբերակների ուրվագծման և հետագայում ավելի սերտ համագործակցության համար։
Այս համաժողովը միավորել էր տարբեր միջառարկայական հետազոտական խմբերի շահառուների և մասնագետների, որոնց թվում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շրջակա միջավայրի փոխնախարարներ Արամ Մեյմարյանը և Գայանե Գաբրիելյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, միջազգային փորձագետներ՝ Մարտին Շուլցը եւ Կարստեն Ռինկեն, Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնից, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ինչպես նաեւ ՄԱԶԾ Կլիմայի, Շրջակա միջավայրի և Ճկունության ծրագրի, Ջրային կոմիտեի, «Սեւան» ազգային պարկի, «EU4Environment» ծրագրի, ՀԱՀ Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների ներկայացուցիչներ և շատ այլ որոշում կայացնողներ եւ ոլորտի առանցքային խաղացողներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Սիմիդյանը խոսեց ջրային ռեսուրսների պահպանության կարևորության մասին․
«Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է․ ջրի համար քաղաքական և տնտեսական պատերազմներ են մղվում աշխարհի մի շարք երկրներում և այն, ինչ կատարվում է ջրային ոլորտում ամբողջ աշխարհում, կարելի է անվանել՝ պայքար ջրի համար։ Ջուրը տարբերվում է բնական բոլոր ռեսուրսներից: Բնական պաշարներից շատերը, այդ թվում անգամ թանկարժեք համարվող նավթը, փոխարինելի է, իսկ ջուրը` ոչ: Այդ է պատճառը, որ այսօր աշխարհի բոլոր երկրները, կառավարությունները և մարդկությունը փորձում են միավորել ջանքերը հանուն ջրային ռեսուրսների պահպանության։ Բայց մենք պետք է միավորենք մեր ջանքերը ոչ միայն ջրային ռեսուրսների, այլև դրանց որակի պահպանության համար, չէ որ էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են և մի շղթայի մաս․ որքան վատթար վիճակում է գտնվում շրջակա միջավայրը, այնքան աղտոտված են ջրային ռեսուրսները, և հակառակը»։
Այս համաժողովի ընթացքում գիտնականները, փորձագետները, ՀԿ-ների ներկայացուցիչները և որոշում կայացնողները ներկայացրեցին իրենց ծրագրերն ու աշխատանքը, և մինչ այժմ ձեռք բերված արդյունքները, քննարկեցին Սեւանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի և կառավարման հետ կապված խնդիրներն ու հնարավոր լուծումները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց. «Կան տարբեր հետազոտություններ, մշակված ծրագրեր և նախաձեռնություններ՝ կապված Սևանա լճի և նրա ջրբաժանի տարբեր կողմերի հետ։ Այս բոլոր նախագծերը, ինչպիսին EU4Sevan-ն է, ունեն ընդհանուր գաղափարներ՝ բարելավել լճերի էկոհամակարգի մասին գիտելիքները, հասկանալ բնությունը և կանխատեսել մարդածին գործունեության եւ կլիմայի փոփոխության ազդեցությունը լճի ջրբաժանում և փոխանցել այս տեղեկատվությունը շահագրգիռ կողմերին՝ գտնելու Սևանա լճի պաշտպանության լավագույն բնապահպանական ուղիները»:
Համաժողովը խթան կհանդիսանա գիտելիքի և տեղեկատվության համապարփակ փոխանակման, հաղորդակցության, իրազեկման բարձրացման, մասնակից կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատման համար՝ համատեղ իրականացվող գործողությունների միջոցով համալիր խնդիրների հասցեագրման և այս զգայուն ու ծառայություններ մատուցող էկոհամակարգի պահպանության համար հիմնարար առաջարկությունների մշակման նպատակով։
Առաջին նիստը, որը վարում էր ՀՄԿ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը, անդրադարձավ հետազոտության և զարգացման հիմնական արդյունքներին և հիմնական աշխատանքներին: 
2-րդ նիստը, որը վարում էր EU4Sevan-ի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, կարևորեց ՀՀ կառավարության գործունեությունը` ուղղված Սևանա լճի և նրա ջրբաժանի կառավարման բարելավմանը: 
Եվ վերջին նիստը պանելային քննարկում էր՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգի հիմնական մարտահրավերներին, պաշտպանությանը և կայուն զարգացմանը, որը վարում էր ՀԱՀ, Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:
«Սևանա լիճը կարևոր պատմամշակութային և տնտեսական արժեք ունի Հայաստանի համար, քանի որ այն խմելու ջրի, ոռոգման ջրի և հիդրոէներգիայի արտադրության աղբյուր է: Այն նաև հայ բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտի։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ինտենսիվ եւ անկայուն օգտագործման պատճառով (օրինակ՝ սանիտարահիգիենիկ լուծումների անբավարար զարգացում, թունաքիմիկատների և պարարտանյութերի ինտենսիվ օգտագործում, ոռոգման համար ջրի չափից ավելի ջրառ), ջրի քանակն ու որակը զգալիորեն վատթարացել են: Լիճը բախվում է բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների, ինչպես նաև կրել է կենսաբազմազանության զգալի կորուստ: Լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև դրա պահպանությունն ու կայուն օգտագործումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում», - նշեց EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը։
Համաժողովը ճանապարհ հարթեց տարբեր որոշումներ կայացնողների և հիմնական դերակատարների կողմից Սևանա լճի ավազանում գործողությունների ավելի լավ համակարգման համար՝ սիներգիա ստեղծելու և «անիվի հայտնագործումից» խուսափելու համար։ 
Քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի զեկույցում, որը կծառայի որպես տեղեկատվական աղբյուր հետագա քայլերի համար: