ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.10.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել տիկին Իրենե Վելեսի հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Պանամայում հանդիպում է ունեցել Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) նախագահ տիկին Իրենե Վելեսի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը և կազմակերպչական գործընթացները։
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վելեսին՝ համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ COP17-ի անցկացումը Հայաստանում մեծ հնարավորություն է մեր երկրի համար՝ առաջ մղելու բնապահպանական օրակարգը և խթանելու միջազգային համագործակցությունը բնության պահպանության ոլորտում։
Տիկին Վելեսը, իր հերթին, կարևորել է  Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային բնապահպանական գործընթացներին  և հավաստել Կոլումբիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին COP17-ի կազմակերպչական և բովանդակային փուլերում։