«Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համաժողովի կազմակերպումը։
«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և մեր փոխգործակցության արդյունքում տարբեր ոլորտներում արդեն իսկ գրանցել ենք նշանակալի արդյունքներ։ Իսկ շրջակա միջավայրի ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է բավականին դինամիկ և օգտավետ»,-նշել է նախարարը։
Խոսելով հայ-իրանական արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ նախարարն անդրադարձել է նաև Երևանում կայացած Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:
Կողմերն առավել մանրամասն քննարկել են հուշագրով սահմանված պահանջներին համապատասխան համագործակցության քայլերը։
Անդրադարձ է կատարվել Արաքս Սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին։ Նախարարը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը խնդիրների լուծման ուղղությամբ և հույս հայտնել, որ այդ փոխգործակցության արդյունքում առաջիկայում առավել տեսանելի արդյունքներ կգրանցվեն։
Քննարկվել են ոլորտին առնչվող այլ ընթացիկ հարցեր։
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ընդունելության համար և գործընկերներին հրավիրել Հայաստան՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները կխթանեն առավել արդյունավետ համագործակցությունը և կօգնեն կյանքի կոչել ձեռքբերված պայմանավորվածությունները։