ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.06.2024
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ

Հունիսի 25-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
 Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի  նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Վարդան Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Ռադիկ Օղիկյանը, նախարարությունների, գերատեսչությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։
Փրկարար ծառայության տնօրենն ընդգծել է հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված մարդաշատ վայրերում փրկարարների կողմից հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, այդ թվում՝ նաև հուլիսի 6-ից Սևանա լճի ափամերձ գոտիներում անօդաչու սարքերի միջոցով իրազեկման միջոցառումների կարևորությունը։
Անդրադառնալով հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգին՝ Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է անտառածածկ և բուսածածկ տարածքներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները։
Ողջունելով Էկոպարեկային ծառայության ստեղծումը՝ Փրկարար ծառայության տնօրենը անդրադարձել է նաև 800 Էկոպարեկների վերապատրաստմանը:
Անտառներում և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով առաջարկվել է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել հանրային իրազեկման միջոցառումների անցկացման ուղղությամբ, մասնավորապես՝ պատրաստել հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, վարքականոնների վերաբերյալ իրազեկման տեսանյութեր։
Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա մարտահրավերների լուծման վերաբերյալ արվել են առաջարկություններ:
Կարևորվել է անտառամերձ բնակավայրերում կամավորական խմբերի ձևավորումը, որոնք տեղերում կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia