ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan և Ecoserve ծրագրերի պատասխանատու Քրիստիան Հենշելը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և համագործակցության զարգացման պատասխանատու Կատրին Բուդեր-Պելչը։
Ողջունելով գործընկերներին` նախարար Սիմիդյանն անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական արդյունավետ համագործակցությանը։
«Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև հարաբերությունները շրջակա միջավայրի ոլորտում նշանակալի օրակարգ ունեն. Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար, վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա»,-նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտային հարցերի լայն շրջանակ։ 
Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝ 
Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2018թ. նոյեմբերի 31-ին ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագրին, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։ Նախարարը նշել է, որ ծրագրի հաջող ընթացքը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր առաջնահերթություններից է։
Քննարկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (GIZ) համատեղ ֆինանսավորվող «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը։ Նախարարը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի ընթացքից և դրա շրջանակում գրանցված արդյունքներից։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել  Գավառի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման խնդրին։ 
Նախարարն անդրադարձել է հայ-գերմանական համագործակցության շրջանակում Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համատեղ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD1) հայ-գերմանական գիտահետազոտական ծրագրին։ Շեշտվել է Սևանա լճի պահպանության և կառավարման ոլորտում գիտելիքահեն ծրագրերի կարևորությունը։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել ոլորտում իրականացվող ամենամասշտաբային բարեփոխումները՝ խոսելով նորաստեղծ էկոպարեկային ծառայության և ջրային ոլորտում օրենսդրական կարգավորումների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր մեկնարկող ծրագրերը։
Ներկայացվել է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» նոր ծրագիրը, որի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով: